Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը գործող իշխանություններին 686 միլիոն դոլար է առաջարկել իր ազատության դիմաց
Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը՝ Գուլնարա Քարիմովան, բաց նամակ է ուղղել երկրի ներկայիս նախագահ Շավկաթ Միրզիյոևին, որում նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործերը փակելու դիմաց պատրաստ է հրաժարվել Շվեյցարիայի բանկերում սառեցված հաշիվներին եղած 686 միլիոն դոլարից:
2013թ. հոկտեմբերին Քարիմովայի դեմ շորթման և հարկերից խուսափելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել: 2015թ. նրան դատապարտել էին 5 տարվա ազատազրկման, սակայն երկրի գլխավոր դատախազությունը այդ մասին հանրությանը միայն երկու տարի անց էր տեղյակ պահել: 2017թ. հայտնի էր դարձել մի շարք այլ մեղադրանքներով քրեական գործի քննության շարունակման մասին: Երկու քրեական գործով Քարիմովայի հասցրած ընդհանուր վնասը գնահատվել է գրեթե 2 միլիարդ դոլար: 2019թ. օգոստոսին երկրի գլխավոր դատախազությունը Քարիմովայի դեմ պետությանը վնաս հասցնելու և շորթման մեղադրանքով նոր քրեական գործեր է հարուցել:
Քարիմովան այժմ գտնվում է ընդհանուր քրեակատարողական հիմնարկում:
Նամակում նշվում է, որ Քարիմովան հետ է վերցրել Շվեյցարիայի դատախազության` 131 միլիոն դոլարը Ուզբեկստանին վերադարձնելու որոշման դեմ ներկայացրած բողոքը: Միջոցները, նրա խոսքով, կուղղվեն մարդասիրական ծրագրերի իրականացմանը: Քարիմովան նշում է, որ քրեական գործերի շրջանակներոմ իրենից գանձված 1,2 միլիարդ դոլարի ակտիվները նյութական վնասի մարման համար հաշվի չեն առնվել: Նամակում Քարիմովան հայտնում է, որ 2014 թվականի` իր ձերբակալման օրից մինչև այժմ հաշվելու դեպքում նա արդեն պետք է ազատության մեջ լիներ, ինչը սակայն, տեղի չի ունեցել:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել 2016թ.: Նա երկիրը ղեկավարել է 1991թ. սկսած:










