Հոնկոնգի իշխանությունները մտադիր են 1200 դոլար նվիրել չափահաս բնակիչներին

18:47 • 26.02.20

Հոնկոնգի իշխանությունները որոշել են կանխիկ գումար բաժանել չափահաս բնակիչներին՝ ծախսերը խթանելու և ֆինանսական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Հոնկոնգի տարեկան բյուջեի մի մասը՝ 10 000 հոնկոնգյան դոլարը ($1,280), նախատեսված է 18 տարին լրացած շուրջ 7 մլն մշտական բնակիչների համար:

Նշվում է, որ վարչական ինքնավար շրջանի տնտեսությունը տուժել է ամիսներ տևած քաղաքական անհանգստությունների և ցույցերի ֆոնին, վերջերս էլ բացասական ազդեցություն է կրել կորոնավիրուսի պատճառով: Տարածվող հիվանդության հետևանքով Հոնկոնգում 2 մահ է գրանցվել, վարակակիրների թիվը կազմում է 81 մարդ:

Իշխանությունները որոշել են նաև նվազեցնել տների վարձակալման գները, զեղչեր են նախատեսվում աշխատավարձի և սեփականության հարկերի համար: