Լոս Անջելեսի հայկական համայնքը Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ կկազմակերպի. կիրականացվեն բազմաթիվ այլ միջոցառումներ
Լոս Անջելեսի հայկական համայնքը համակարգված միջոցառումների շրջանակում 2020 թվականի ապրիլի 24-ին կնշի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ արդարության պահանջով բարձրացնելով համայնքի միասնական ձայնը, գրում է asbarez.com կայքը:
Ապրիլի 24-ի միջոցառումները համակարգող կազմակերպությունները աշխատում են միասին՝ առաջնորդվելով «միասնության մեջ է ուժը» սկզբունքով: Կազմակերպությունների այս կոալիցիայի մեջ ընդգրկված են Լոս Անջելեսի միացյալ հայկական խորհուրդը (UACLA), Միացյալ հայ երիտասարդներ (UYA) կազմակերպությունը և Հայոց ցեղասպանության կոմիտեն (ներառում է Հայ առաքելական, հայ կաթողիկե, հայ ավետարանական եկեղեցիները, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայկական լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Հայկական համընդհանուր միությունը, Հայաստանի երիտասարդական միությունը, ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի գրասենյակը, Ամերիկայի հայկական ասսամբլեան, Ամերիկայի հայկական խորհուրդը, հայ փաստաբանների ասոցիացիան, Ստամբուլահայերի կազմակերպությունը, Հոմենեթմենը, Բաց երկաներ կազմակերպությունը և մի շարք այլ կազմակերպություններ):
Մասնավորապես Մոնտեբելլոյում միջոցառումը կսկսվի կազմակերպությունների ներկայացուցիչների` Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց և հոգեհանգստի արարողությունից:
Արդարության քայլերթը կսկսվի Հոլիվուդի «Փոքրիկ Հայաստան» անունը կրող հատվածից՝ առավոտյան 11:00-ին: Հոլիվուդի սրտով անցնող քայլերթին տասնյակ հազարավոր մարդիկ կմասնակցեն:
Օրվա միջոցառումները կավարտվեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առաջ արդարության պահանջով կատարվող բողոքի ակցիայով:
2020 թվականի ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակման առաջին արարողությունը կլինի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո: Օրվա միջոցառումներին կմասնակցեն դաշնային և պետական քաղաքական գործիչներ:










