Դելիում կրոնական բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի. քաղաքում այրվում ու թալանվում են մզկիթներ, մուսուլմաններին պատկանող տներ (լուսանկարներ)
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում վերջին մի քանի տասնյամյակներում ամենաարյունալի կրոնական բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի հայտնում է The Guardian պարբերականը:
Հինդու և մահմեդական խմբերի միջև մահվան ելքով բախումները շարունակվում են արդեն երրորդ օրը: Վաղ առավոտյան փոխանցված տեղեկությունների համաձայն` զանգվածային անկարգությունների ընթացքում թալանվել են մզկիթներ, մուսուլմանների տներ:
Հրազենային վիրավորումներով, այրվածքներով, քարերի նետման և հրմշտոցի, ծեծի հետևանքով ստացված վնասվածքներով ավելի քան 200 մարդ է տեղափոխվել հիվանդանոց: Ոմանք հարձակվող ամբոխից փախչելու նպատակով բարձր շենքերից ցած են նետվել և կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացել:
Դելիի քաղաքապետ Արվինդ Քեյջրիվալը իրավիճակը «տագնապալի» է որակել և նշել է, որ բռնությունները վերահսկելու նպատակով անհրաժեշտ է բանակի օգնությանը դիմել:
Երեքշաբթի առավոտյան մոտ 500 հինդու երիտասարդների ամբոխը հարձակվել է Աշոկ Նագար շրջանում գտնվող մի մզկիթի վրա, ջարդել շենքի դռներն ու բարձրանալով մինարեթի վրա` հինդուիզմի պաշտոնական դրոշը ծածանել: Հարձակվողներն ավելի ուշ այս և մեկ այլ փոքր մզկիթ, ինչպես նաև տեղական շուկայում մուսուլմանական խանութ թալանելուց հետո, հրդեհել են դրանք:
Զանգվածային անկարգությունները շարունակվում են նաև այսօր և ներառել են նաև Դելիի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող շրջանները:
Հնդկասանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության` քաղաքացիության մասին նոր օրենքի ընդունումից հետո սա համարվում է քաղաքի` տասնամյակների պատմության մեջ ամենաարյունոտ օրը: Ըստ օրենքի փոփոխված տարբերակի` Հնդկաստանում բացի մուսուլմաններից, քաղաքացիություն կարող է ստանալ Հարավային Ասիայում ցանկացած դավանանք ունեցող փախստական:
Դելիում անկարգությունները սկսվել են այն ժամանակ, երբ իշխող կուսակցության առաջնորդը հինդու ժողովրդին դրդել էր բռնի ուժով հեռացնել Դելիի հյուսիսարևմտյան մասում գտնվող ճանապարհները փակած և քաղաքացիության նոր օրենքի համար ցույցի դուրս եկած մուսուլմաններին: Երկու կողմերից մարդիկ սկսել են հարձակվել ու քարեր նետել միմյանց վրա:












