Մինչ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման ռիսկն «աննշան է», Ավստրալիայի վարչապետը զգուշացնում է, որ համավարակի սպառնալիքը «կախված է մեր գլխին». The Guardian

12:22 • 27.02.20

Մինչ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է նվազեցնել նոր տեսակի կորոնավիրուսի սպառնալիքը՝ չնայած ամբողջ աշխարհում վարակի անվերահսկելի տարածման կապակցությամբ աճող մտահոգությանը, Ավստրալիայի վարչապետն արտակարգ պլան է գործարկել՝ հայտարարելով, որ համավարակի վտանգը «կախված է մեր գլխին», գրում է The Guardian պարբերականը:

Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկացիների համար վտանգը «մնում է շատ ցածր»՝ կանխորոշելով, որ երկրում ախտորոշված դեպքերի թիվը, որը 15-ն է, կարող է առաջիկա օրերին նվազել՝ հասնելով ընդհուպ զրոյի:

«Մենք մեծ հաջողություն ունենք, հսկայական հաջողություն, ինչը ոմանք չէին պատկերացնի: Միևնույն ժամանակ մի շարք երկրներում ունենք բռնկումներ` այդ թվում Իտալիայում և մի շարք այլ պետություններում, որոնք դժվարին իրավիճակում են գտնվում»,- ասել է նա:

Ի տարբերություն Թրամփի՝ համավարակի ահագնացող վտանգը ստիպել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ Թրամփի նվիրյալ դաշնակցին, ընդունել երկրի Արտակարգ արձագանքման ծրագիրը, որը ենթադրում է անհրաժեշտության դեպքում զանգվածային պատվաստումներ և կարանտինային ռեժիմի սահմանում, գրում է աղբյուրը:

«Բոլոր փաստերը նախանշում են, որ համավարակի վտանգը կախված է աշխարհի գլխին»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում:

«Մենք կարծում ենք, որ համաճարակի վտանգը շատ մեծ է, և մենք, որպես կառավարություն, պետք է քայլեր ձեռնարկենք, որոնք անհրաժեշտ են նման համաճարակի նախապատրաստվելու համար»,- հավելել է նա:

Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: