Մոնղոլիայի նախագահը Չինաստանից վերադառնալուց հետո 14 օր կանցկացնի կարանտինում

15:07 • 27.02.20

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բատուլգան փետրվարի 27-ին կայցելի Չինաստան, իսկ վերադառնալուց հետո 14 օր կանցկացնի կարանտինում, հայտնում է akipress.com-ը՝ վկայակոչելով Մոնղոլիայի ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությանը:

Հաղորդվում է, որ Չինաստան այցելության շրջանակում Մոնղոլիայի նախագահը կհանդիպի Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի հետ:

Մոնղոլիայի պատվիրակությունը մսամթերքի տեսքով մարդասիրական օգնություն կտանի Չինաստան և նույն օրը կվերադառնա Ուլան Բատոր:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի: