Պակիստանի կենդանաբանական այգում առյուծների վանդակում դեռահասի մնացորդներ են հայտնաբերվել (լուսանկար)
Պակիստանի կենդանաբանական այգում առյուծների վանդակում դեռահասի մնացորդներ են հայտնաբերվել, հաղորդում է BBC-ն:
Պետական ֆինանսավորմամբ գործող Lahore Safari կենդանաբանական այգին, որը հիմնադրվել է 1982 թվականին, Պակիստանի ամենամեծ և ամենահին կենդանաբանական այգին է:
Կենդանաբանական այգու տնօրեն Չաուդրի Շաֆկատը BBC-ին պատմել է, որ հարևան գյուղի բնակիչները երեքշաբթի երեկոյան այցելել են իրենց՝ օգնություն խնդրելով տղայի որոնման հարցում:
«Մենք նրանց ասացինք, որ արդեն շատ ուշ է, և մթության պայմաններում որոնումները կարող են վտանգավոր լինել»,- ասել է նա:
Չորեքշաբթի առավոտյան որոնողական աշխատանքների արդյունքում կենդանաբանական այգու աշխատակիցները հայտնաբերել են արյունոտ գանգ, մի քանի ոսկոր և տղայի պատառոտված հագուստը:
Հարազատների խոսքով՝ տղան տնից հեռացել է երեքշաբթի, որպեսզի չհնձի խոտը, որը նախատեսված էր անասունների կերի համար:
Այգու աշխատակիցների հաղորդմամբ՝ հետաքննվում է, թե ինչպես է 17-ամյա Մուհամեդ Բիլալն անցել ցանկապատի վրայով և դարձել առյուծների բաժին:
Դեռահասի մնացորդներն ուղարկվել են փորձաքննության՝ պարզելու մահվան պատճառը։











