«Լվացե՛ք ձեռքերը և մի՛ դիպչեք բազրիքներին». Թրամփը խորհուրդներ է տվել` ինչպես չվարակվել նոր տեսակի կորոնավիրուսով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդ է տվել լվանալ ձեռքերը և որքան հնարավոր է քիչ դիպչել բազրիքներին, գրում է The New York Times-ը:
«Դուք, հավանաբար, լսել եք, ինչպես ես եմ հաճախ լսում, որ պետք է լվանալ ձեռքերը և հետևել մաքրությանը: Բազրիքներից բռնվեք միայն անհրաժեշտության դեպքում: Այսինքն՝ կան որոշ կանոններ, որոնք պետք է պահպանել մրսածության դեպքում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը պատմել է, թե ինչպես է մեկ շաբաթ առաջ իրեն մոտեցել մի մարդ, որին վաղուց չէր տեսել:
«Նա գրկեց ինձ, համբուրեց: Ես հարցրի՝ «լա՞վ եք», ասաց՝ «ոչ, սարսափելի մրսածություն ունեմ»: Եվ նա ինձ փաթաթվել ու համբուրում էր: Ես ներողություն խնդրեցի և գնացի ձեռքերս լվանալու»,- դահլիճում հանդիսատեսի ծիծաղի ներքո պատմել է ԱՄՆ նախագահը:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:










