Տեղի է ունեցել առնվազն էթիկական ընդունելի նորմերի կոպտագույն խախտում, ես կզարմանամ, եթե մարդիկ այսուհետև վստահություն ունենան գործակցելու այս ընկերության հետ. Թևոսյանը՝ «Այո՛»-ի լոգոյի հեղինակի մասին

04:57 • 27.02.20

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ՀՀ ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն անդրադարձել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի բրենդինգի մրցույթը շահած Garoon գործակալության ֆեյսբուքյան էջի պարզաբանմանը:

Պատգամավորի գրառումը՝ ստորև.

«Garoon-ը որոշակի բացատրություն է փորձել տալ, թե ինչու ինքը չի խախտել օրենսդրությունը՝ միանգամայն հաստատելով, որ տեղյակ են եղել 1991թ. տարբերակին՝ ավելին, ոգեշնչվել են հենց դրանից: 

Եթե ընդունենք, որ դիցուք ես օրենսդրություն չեմ խախտում, ապա նույնիսկ այդ դեպքում դա ինձ իրավունք չի տալիս որպես ոգեշնչման աղբյուր հղում անելով Բիթլերին՝ Հեյ Ջուդն իմ անունից փորձել սղացնել Գրեմիի: Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել առնվազն, իմ կարծիքով, էթիկական ընդունելի նորմերի կոպտագույն խախտում, ես կզարմանամ, եթե մարդիկ այսուհետև վստահություն ունենան գործակցելու այս ընկերության հետ: Այնուամենայնիվ ես դեռ մեր փորձագետներին կխնդրեմ մանրամասն տեղեկանք տալ, թե արդյոք օրենքի կատարման հետ կապված ամեն բան նորմալ է:

Ինչ վերաբերում է բուն լոգոյին: Թույլ տվեք շատ սուբյեկտիվ անձնական կարծիք հայտնել: Կարծում եմ՝ լոգոյի ինչպիսին լինելու ընտրությունը քարոզարշավ անող կողմի ընտրությունն է: Այդ կողմն է շահագրռված իր քարոզարշավի նաև վիզուալ հաջողությամբ: Որտեղից է գալիս այդ պահանջը մասնագիտական ժյուրիի անհրաժեշտության մասին: Վստա՞հ եք, որ ճիշտ է, եթե մասնագիտական ժյուրին այնքան կողմնակալ լինի, որ ընտրի ԱՅՈ-ի հաջողությանը նպաստող լոգոտիպ: Ի վերջո Հանրապետության կամ մայրաքաղաքի զինանշա՞ն է քննարկման առարկան, թե՞ պետական մրցանակի հավակնորդ»: