Ադրբեջանից վերադարձած Վրաստանի երկու քաղաքացու հոսպիտալացրել են բարձր ջերմությամբ
Ադրբեջանից վերադարձած Վրաստանի երկու քաղաքացի բարձր ջերմությամբ տեղափոխել է Ինֆեկցիոն հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքի կայքը:
Նշվում է, որ հոսպիտալացված քաղաքացիները վերադարձել են Ադրբեջանից:
Ստացված տեղեկության համաձայն` նրանք տեղափոխվել են հիվանդանոց, երբ սահմանին ստուգման ժամանակ նրանց ջերմությունը բարձր է եղել: Նրանցից անալիզներ կվերցվի` նոր տիպի կորոնավիրուսի առկայությունն օրգանիզմում ստուգելու համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 26-ին Վրաստանում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










