Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 1-ին դեպքից հետո երկիրը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմանը

02:23 • 27.02.20

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտնել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքից հետո երկրի կառավարության որոշմամբ՝ 2 շաբաթով փակվել է Ադրբեջանի հետ սահմանը, հայտնում է Новости-Грузия-ն: 

Հասարակական առողջության և հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով էլ՝ վարակված տղամարդու վիճակը նորմալ է, նրա մոտ կլինիկական դրսևորումներ և բարձր ջերմություն չկա: Նա նաև ընդգծել է, որ այսօրվա դրությամբ Վրաստանն ամբողջությամբ պատրաստ է համավարակի դիմագրավմանը, և բնակչությանը հանդարտության կոչ է արել:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Վրաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակված տղամարդը մոտ 50 տարեկան է: Նա վերջին 1 շաբաթվա ընթացքում ընկերոջ հետ միասին անձնական գործով ճամփորդում էր Իրանում և Վրաստան էր վերադարձել Ադրբեջանի տարածքով:

Հաղորդվում է, որ Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով արգելել են Իրանի քաղաքացիների մուտքը երկիր: Առողջապահության նախարարի խոսքով՝ Վրաստանի քաղաքացիներին նույնպես արգելել են այցելել Իրան:

«Մենք անմիջական ցամաքային սահման չունենք Իրանի հետ, սակայն Իրանի քաղաքացիների մուտքը երկիր, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների մեկնումն Իրան կարգելվի երկու շաբաթով»,- ասել է Տիկարաձեն: