Հս. Կորեան մինչև կորոնավիրուսի բուժման մեթոդների մշակումն ու հայտնաբերումն օտարերկրացիների համար երկրի սահմանները չի բացի

16:27 • 27.02.20

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը մինչև կորոնավիրուսի բուժման մեթոդների մշակումն ու հայտնաբերումն օտարերկրացիների համար երկրի սահմանները չի բացի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԿԺԴՀ առողջապահության փոխնախարար Կիմ Հյոն Հունի հայտարարությանը: 

«Սահմանային անցակետերով, ծովային նավահանգիստներով և օդանավակայաններով բոլոր օտարերկրացիների մուտքը երկիր արգելվում է: Ծրագրվում է մինչև կորոնավիրուսի բուժման մեթոդների վերջնական մշակումն առաջնորդվել այդ նույն սկզբունքով»,- հայտարարել է Կիմ Հյոն Հունը: 

Փոխնախարարը ևս մեկ անգամ հաստատել է, որ ԿԺԴՀ-ում COVID-2019 կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել, ինչպես նաև վարակվածներ չեն եղել արտասահմանից ժամանածների և նրանց հետ կապ ունեցած անձանց շրջանում, որոնք, սակայն, այժմ կարանտինի մեջ են գտնվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կիմ Հյոն Հունը, կառավարությունը խթանում է հյուսիսկորեացի դեղագործների օգնությամբ երկրում առկա դեղամիջոցներով, օրինակ կռատուկի արմատով, վիրուսի դեմ դեղորայքի ստեղծումը:

Ավելի վաղ, ԿԺԴՀ-ն հայտարարել էր «ազգային արտակարգ կարանտինային համակարգի» գործարկման մասին և բոլոր հնարավոր միջոցառումներն էր իրականացրել երկրի տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: ԿԺԴՀ-ի իշխանություններն օտարերկրացիների համար փակել են երկրի սահմանը և որոշում են կայացրել մեկ ամսվա ընթացքում բժշկական հետազոտության համար մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր հունվարի 13-ից հետո գտնվել են Չինաստանում:

Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: