Զինված ուժերում պաշտոնանկություններն ընդամենը մեկն է հետևություններից, շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում. Գաբրիել Բալայան (տեսանյութ)

12:46 • 28.02.20

«Զինված ուժերում պաշտոնանկություններն ընդամենը մեկն է հետևություններից, շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում, որի մասին շատ է հայտարարվել, և ես չեմ կարծում, որ որևէ նոր բան եմ ասելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը` անդրադառնալով բանակում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին:

«Սա արձանագրում ենք որպես թերություն, որը շտկելու համար շատ աշխատելու տեղ ունենք` սկսած ծառայության պայմաններից: Դա որևէ ձևով ներելի չէ, սակայն խնդրում եմ՝ հաշվի առնել, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որևէ արտահայտություն, նախադեպ, ոչ ճիշտ մեկնաբանությունը, թեկուզ հետագայում պարզվի, որ ճիշտ չենք մեկնաբանել, հնարավոր է ճակատագրեր խեղի»,-ասաց նա:

Գաբրիել Բալայանը նշեց, որ չի կարծում, թե այս տարի բանակում 13 զոհ է եղել: «Ես չեմ գտնում, որ բոլորը զոհված են, որովհետև ի պաշտոնե ինձ հասած տեղեկություն ունեմ, որ դրանցից մի քանիսը մահեր են, ոչ թե՝ զոհեր: Գոյություն ունի հստակ իրավակարգավորումներ՝ ամեն մահվան դեպքերի հետ կապված, հետևությունները բազմաթիվ են դրանցից մեկը պաշտոնանկություններն են»,-ասաց նա և նշեց, որ պետք է լինել ավելի խիստ:

Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ սմարթֆոն բանակում օգտագործելն արգելված է, ոչ միայն բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման, այլև զուտ անձնակազմի անվտանգության ապահովման առումով: «Մենք այդ ամենը խստացրել ենք և վերջին օրերին զինծառայողների մոտ բավականաչափ սմարթֆոններ հայտնաբերվել, որոնք հանձնել ենք հարազատներին»,-ասաց նա և նշեց, որ զինծառայողներից մեկի մոտ հայտնաբերվել է միանգամից չորս հեռախոս:

Շարունակելով խոսել ողբերգական դեպքերի մասին՝ նա ասաց, որ չեն հավատում, որ դրանք պատահական դեպքեր են եղել և թերացում չի եղել, միայն դժբախտ պատահարը կարող է պատահական լինել:

Անդրադառնալով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրերս շրջանառության մեջ դրված՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է 10 մլն դրամ պետական բյուջե վճարելու դեպքում բանակում ծառայել ընդամենը 1 ամիս՝ Գաբրիել Բալայանը ասաց, որ մենք ավելի քան համոզված ենք, որ դա Հայաստանի համար չէ, և մեզ մոտ կիրառելի չէ:

Ինչ վերաբերում է սահմանի իրավիճակին, նա ասաց, որ համեմատաբար հանգիստ է, կրակոցները միշտ էլ լինում են, որոնք համարժեք պատասխան են ստանում:

Նա, նաև անդրադարձավ իրավապաշտպաններին, որոնք խոսում են բանակում տեղի ունեցած դեպքերի մասին և սլաքները մի ուղղությամբ ուղղում. «Ես այդ իրավապաշտպաններին համարում եմ՝ չակերտավոր իրավապաշտպաններ և ունեմ տեղեկություններ, որ կոնկրետ քայքայիչ գործողություն են իրականացնում: Նրանցից մի քանիսն իմ կարծիքով հրճվանք են ապրում ամեն ողբերգական դեպքից, փորձում են տեղում հրահրել հարազատներին: Կարծում եմ, որ շուտով իրավապահ մարմինները կսկսվեն զբաղվել այդ դեպքերով, տարբեր պատմություններ են հորինել, ակնհայտ սուտ տեղեկություններ են սկսել տարածել, այդ թվում փաստաբանի լիցենզիայով չակերտավոր իրավապաշտպանները»,-ասաց նա և անուններ չտվեց, քանի որ հնարավոր է համապատասխան գործընթացներ սկսեն, որի ժամանակ չունի:

«Վերջին դեպքերում մի քանի տուն գնացել են, զանգահարել են, անգամ, երբ արտասահմանում են գտնվել, փորձում են ֆինանսական միջոցներից խոսել, ասում են հանկարծ չթողնեք այսպիսի ձևակերպում տան, քանի որ դուք փող չեք ստանա»,-ասաց նա: