«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության աջակցությամբ ջեռուցման ժամանակակից համակարգ է անցկացվում Գեղարքունիքի և Արարատի մարզերի մի քանի հանրակրթական ուսումնական հաստատություններում
Վարդենիսի 4-րդ դպրոցում իրարանցում էր՝ 30 տարվա ընթացքում առաջին անգամ ձմռանը ուսուցիչները կարողացել էին հանել վերարկուները, իսկ աշակերտները դասի էին եկել սպիտակ վերնաշապիկով՝ չվախենալով մրսել դպրոցում:
Վարդենիսի 4-րդ հիմնական դպրոցում այլևս նավթի ու փայտի հոտ ու ծուխ չի տարածվում: Արդեն մեկ ամիս է դպրոցում կառուցվել է ջեռուցման ժամանակակից և անվտանգ համակարգ:
«Մենք 30 տարի նավթի վառարաններով էինք ջեռուցում դպրոցը: Դասարաններում և միջանցքներում օդի ջերմաստիճանը նույնիսկ չէր հասնում առողջապահության նախարարության սահմանած ջերմաստիճանին: Ժամանակին աշակերտները ցրտի պատճառով դուրս չէին գալիս միջանցք, իսկ հիմա, ինչպես տեսնում եք, դասամիջոցներին նույնիսկ խաղեր են խաղում: Շնորհակալ ենք «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությանը մեր կողքին կանգնելու համար»,- ասաց Վարդենիսի 4-րդ հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սահակյանը:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը նախատեսում է Գեղարքունիքի և Արարատի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացնել գազիֆիկացման և ջեռուցման համակարգի անցկացման ծրագիր, որն արդեն ավարտական փուլում է: Ծրագրի առաջին փուլը նախատեսում է հինգ դպրոցների գազիֆիկացում և ջեռուցման համակարգերի տեղադրում, որտեղ երեք տասնամյակ դասասենյակների ջեռուցման խնդիրը լուծվում էր նավթի վառարանների միջոցով։
«Ծրագրի առաջին փուլն ավարտվել է, որի շնորհիվ Վարդենիսի 3 դպրոցներ արդեն օգտվում են ջեռուցման լոկալ համակարգից»,- ասաց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը և հավելեց, որ ծրագրի իրականացման շնորհիվ կառուցվել է 1350 գծամետր լոկալ գազատար, մոնտաժվել են 15 000 քառակուսի մետր մակերեսով ջեռուցման համակարգեր.
«Երկու տարի շարունակ մենք աշխատել ենք այս ծրագրի նախապատրաստման և իրականացման ուղղությամբ և այսօր շատ ուրախ ենք, որ այն հաջողությամբ հանձնում ենք շահագործման: Մեր ընկերության անունից վստահեցնում եմ, որ նման լայնածավալ ծրագրեր՝ մարզերում լինելու են շարունակական»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը նշեց՝ կրթական ենթակառուցվածքներում սոցիալական ներդրումները՝ ընկերության կորպորատիվ և սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից են։
«Մենք մեր սոցիալական ծրագրերում շեշտը դնում ենք երիտասարդ սերնդի կրթության և առողջության ապահովման վրա, որին հնարավոր չէ հասնել առանց այդ գործընթացների համար հարմարավետ պայմանների ստեղծման և ճիշտ մոտիվացիայի։ Կրթությունը և սպորտը այն ոլորտներն են, առանց որոնց հնարավոր չէ դաստիարակել ուժեղ և արդյունավետ ապագա սերունդ, և այդ հարցում մենք միշտ աջակցում ենք տեղական իշխանությունների և քաղաքացիների առողջ նախաձեռնություններին»,- ասաց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը ։
Վարդենիսի 4-րդ դպրոցի տնօրենի խոսքով՝ եթե դասասենյակներում նախկինում ջերմաստիճանը հազիվ 12 աստիճանի էր հասնում, ապա այժմ այն 20 է: Դասի ընթացքում աշակերտների համար դարձել է ավելի հաճելի և ջերմ՝ բառի բոլոր իմաստներով:
Երրորդ դասարանում սովորող աշակերտներից մեկն էլ ասաց, որ արդեն վերարկուներով չեն դասարանում նստում և կարողանում են գրավոր հանձնարարություններն ավելի վարժ և լավ գրել: Մեկ ուրիշն էլ նշեց, որ նախորդ ձմեռ գալիս էին դպրոց, որտեղ ցուրտ էր՝ մրսում-հիվանդանում էին, որի հետևանքով էլ ստիպված բացակայում էին:
Երեխաների պատմությունները տարբեր էին, սակայն ոգևորվածությունը առիթը մեկը՝ ջեռուցված և ջերմ դպրոցը:
Վարդենիսի 4-րդ հիմնական դպրոցի պատմության ուսուցչի խոսքով՝ 30 տարվա ընթացքում առաջին ձմեռն է, որ այդպես ջերմ, տաք ու լուսավոր դասեր են տեղի ունենում:
«Թվում էր, թե ջեռուցման խնդիրն այդպես էլ երազանք կմնա, բայց այս երազանքն այսօր իրականություն դարձավ, որի համար շնորհակալ ենք «ԳեոՊրոմայնինգ» ընկերությանը: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ ընկերությունն աջակցում է մեզ և տարատեսակ օգնություններ ցուցաբերում»,- ասաց ուսուցիչը:
2011 թվականին «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության աջակցությամբ դպրոցում բացվեց համակարգչային դասարան, իսկ 2014 թվականին ջեռուցվեց նախակրթարանը:
«Տեղադրված մարտկոցների քանակը հաշվարկված է առավելագույնով, որի շնորհիվ գազի ծախսը հասցվել է նվազագույնի: Եթե համեմատենք նախկին ջեռուցման ծախսի հետ գրեթե նույնն է: Այդպիսով՝ վստահ կարող եմ ասել, որ մեր բյուջեն բավարարում է գազի վարձը մուծելու համար»,- ասաց դպրոցի տնօրեն Անահիտ Սահակյանը:
Ուսուցիչներից և աշակերտներից բացի, դպրոցի ջեռուցումը ոգևորել է նաև ծնողներին:
«Ինքս այստեղ եմ դպրոց հաճախել, այն ժամանակ նման պայմանների մասին կարելի էր ուղղակի երազել: Հիմա, երբ գալիս ենք երեխաներին տանելու, դասարաններում և միջանցքներում հավասարաչափ տաք է, արևոտ կողմերում՝ երբեմն շոգ: Ժամանակի, երբ ցուրտ էր, երեխաներին հնարավորինս տաք էինք հագցնում, հիմա դրա կարիքը չկա: Անչափ շնորհակալ ենք այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն ունեն այս ծրագրում»,- ասաց Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը:
«Ջերմացնելու» հաջորդ կանգառը Սոթք համայնքի դպրոցն է, որին կից գործող մանկապարտեզի ջեռուցման համակարգի մոնտաժումն ավարտվում է:
Ի դեպ, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությանն Արարատի մարզի Արարատ քաղաքի դպրոցներից մեկում, ևս իրականացնում է գազիֆիկացման և ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ, որը նախատեսվում է շահագործման հանձնել մարտին։










