Green Day, BTS խմբերը կորոնավիրուսի պատճառով չեղարկել են Ասիայում կայանալիք համերգները

23:57 • 28.02.20

Green Day ամերիկյան փանկ-ռոք և BTS հարավկորեական խմբերը կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով չեղարկել են Ասիայում նախատեսված առաջիկա համերգները, հաղորդում է New York Post-ը։

BTS-ը հայտարարել է, որ Սեուլում ապրիլին նախատեսված չորս շոուները չեղյալ են հայտարարվել:
«Մենք պետք է հաշվի առնենք հարյուր հազարավոր երկրպագուների, ինչպես նաև մեր արտիստների առողջության ու անվտանգության խնդիրը»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Հարավկորեական խմբի ավելի քան 200.000 երկրպագուներ պետք է մասնակցեին Օլիմպիական մարզադաշտում կայանալիք համերգներին։ Green Day-ը, մինչդեռ, պետք է սկսեր իր շրջագայության մարտի 8-ին՝ Սինգապուրում․ համերգներ էին նախատեսված նաև Թաիլանդում, Հոնկոնգում և Հարավային Կորեայում։

Հեղինակավոր ռոք խումբն այդ լուրը հայտնել է Instagram-ում։ «Ցավոք, մենք որոշում ենք կայացրել հետաձգել Ասիայում մեր առաջիկա շոուները՝ կորոնավիրուսի հետ կապված»,-գրել է խումբը։