Իրանում չեղյալ են հայտարարել ուրբաթօրյա աղոթքները և նախազգուշացրել առաջիկա օրերին կորոնավիրուսով հիվանդների թվի աճի մասին
Թեհրանում և Իրանի մյուս նահանգների ևս 22 մայրաքաղաքներում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ չեղյալ են հայտարարվել ուրբաթօրյա աղոթքները՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով, գրում է BBC-ն։
Իշխանությունները նաև որոշ սահմանափակումներ են դրել Կումի գլխավոր շիա մուսուլմանական սրբավայրեր և Մաշհադ մուտք գործելու վրա:
Իրանի առողջապահության նախարարությունը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի դեպքերի թիվը կշարունակի աճել առաջիկա օրերին: Մեկ օրում վարակվածների թիվն աճել է 176-ով՝ հասնելով 388-ի։
Նշվում է, որ Իրանում կորոնավիրուսից զոհվածների թիվը 34-ն է․ այս ցուցանիշն այսօրվա դրությամբ ամենաբարձրն է Չինաստանի սահմաններից դուրս:
Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










