10 միլիոն դրամ տուգանք «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ թույլ տված մի շարք խախտումների համար. ՀԾԿՀ

13:37 • 28.02.20

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել է 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով՝ մի շարք խախտումների համար: Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովի կողմից իրականացված՝ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2019թ. 3-րդ եռամսյակի տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է վերջինիս կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով սահմանված՝ մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին դիմող անձի համակարգի միացման համար սահմանված ժամկետների գերազանցման դեպքեր։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում փաստվել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը 2019թ. 3-րդ եռամսյակի ընթացքում մի շարք դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով կամ ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։

Ուստի Հանձնաժողովը կանոնների 16-րդ կետը խախտելու համար ընկերությանը ենթարկեց տուգանքի` 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով։