Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Ադրբեջանի առողջապահության նախարարությանը կից օպերատիվ շտաբը հաստատել է հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Հաղորդվում է, որ կորոնավիրուսով վարակվածն Իրանից Ադրբեջան եկած ՌԴ քաղաքացի է:
Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










