Թուրքիայի պաշտպանության նախարարը թուրք-սիրիական սահմանից ղեկավարում է թուրքական բանակի գործողություններն Իդլիբում
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Յումիթ Դյունդարի և ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչուքաքյուզի հետ միասին մեկնել է թուրք-սիրիական սահման, որտեղից ղեկավարում է թուրքական բանակի գործողությունները սիրիական Իդլիբում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Փետրվարի 27-ի ուշ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավիրած անվտանգության խորհրդի նիստից հետո նախարար Աքարը երկու գեներալների հետ մեկնել է սահման:
Նրանք գտնվում են Հաթայ նահանգի մարտավարական հրամանատարության կենտրոնում, որտեղ պաշտպանության նախարարը լսել է բանակային 2-րդ կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սինան Յայլայի զեկույցն ու համապատասխան կարգադրություններ արել:
Ռազմական բարձրագույն ղեկավարությունը ղեկավարում է ցամաքային և օդային ուժերի գործողություններն Իդլիբում:










