Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների մոտ 46 տոկոսն արդեն ապաքինվել է

10:44 • 28.02.20

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների մոտ 46 տոկոսն արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի հրապարակած տվյալներին:

Վերջին տեղեկությունների համաձայն` մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 78 824-ի, որից 36 117-ն արդեն ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից. սա կազմում է հիվանդացածների ընդհանուր թվի 45,8 տոկոսը: Հիվանդանոցներում է շարունակում մնալ մոտ 39 919 մարդ:

Համաճարակի սկզբից ամբողջ Չինաստանում, բացառությամբ Հուբեյ նահանգի, գրանցվել էր 12 910 վարակման դեպք, որից 106-ը`մահվան ելքով, մահացությունը`0,8%:

Իսկ ահա Հուբեյ նահանգում` համաճարակի էպիկենտրոնում, բացահայտվել է վարակման 65 914 դեպք, որից 2682-ը` մահվան ելքով, մահացությունը` 4 տոկոս:

Վերջերս Չինաստանում բարելավվում է համաճարակային իրավիճակը, վերջին օրերի ընթացքում ամբողջ երկրում բացահայտվել է վարակման 327 նոր դեպք, միևնույն ժամանակ Հուբեյի սահմաններից դուրս գրանցվել է ընդամենը 9 դեպք: Առաջին անգամ 1 օրվա ընթացքում դուրս գրված հիվանդների թիվն անցել է 3 000-ից: Անցած օրերի ընթացքում գրանցվել է մահվան 44 դեպք, որից 41-ը` Հուբեյ նահանգում:

Ընդհանուր առմամբ հիվանդությունը խլել է 2788 մարդու կյանք: