Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում է Իրանի հետ սահմանը

17:50 • 29.02.20

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը որոշում է կայացրել երկու շաբաթով փակել Իրանի հետ սահմանը, հայտնում է Minval.az-ը:

«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդը և այլ երկրների փորձը, որոշում է կայացվել սկսած փետրվարի 29-ի ժամը 16:00-ից երկու շաբաթով սահմանափակել Իրանի հետ ցամաքային շփումը: Ադրբեջանից Իրանի քաղաքացիների ելքի և մեր քաղաքացիների վերադարձի համար հատուկ միջանցք կտրամադրվի: Անհրաժեշտության դեպքում Իրանի քաղաքացիները մարդասիրական հիմունքներով կկարողանան վիզաներ ստանալ»,- ասվում է կառավարության կողմից տարածված հայտարարության մեջ:

Բացի այդ «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ն ներկայիս համաճարակային իրավիճակի հետ կապված երկրում սահմանափակումներ է մտցրել:

Տեղեկությունների համաձայն`փետրվարի 29-ից Buta Airways ավիաընկերության Թեհրան-Բաքու ավիաչվերթով կմեկնեն միայն Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Բաքու-Թեհրան ուղղությամբ` միայն Իրանի քաղաքացիներ: