Էկվադորում հայտնել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին

21:15 • 29.02.20

Էկվադորի իշխանությունները հաստատել են երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հարավամերիկյան երկրի առողջապահության նախարարը:

«Չնայած ձեռնարկված միջոցառումներին, ինչպես և 54 այլ երկրում, վիրուսը հասել է մեր երկիր ևս: Ստիպված ենք տեղեկացնել Էկվադորում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հաստատման մասին»,-ասել է նախարարը:

Վերջինս մասնավորեցրել է, որ խոսքը Իսպանիայում մշտական բնակություն հաստատած հայրենակցի մասին է, որը հայրենիք է վերադարձել փետրվարի 14-ին: Ժամանելուն պես՝ նրա մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել, սակայն հաջորդ օրերին նա իրեն վատ է զգացել:

Հաղորդվում է, որ Պակիստանի առողջապահության նախարարը ևս հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպքի մասին: