Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները դադարեցնում են աշխատանքը

20:21 • 29.02.20

Արաբական Միացյալ Էմիրություններում դպրոցներն ու մանկապարտեզները դադարեցնում են աշխատանքը՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է երկրի կրթության նախարար Հուսեյն ալ-Համադին:

«Մարտի մեկից դադարեցնել մանկապարտեզների աշխատանքը պետությունում… Դադարեցնել դպրոցների գործունեությունը երկրի էմիրություններում մինչև հետագա հրահանգները՝ նախարարության կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Մինչ օրս ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակման 13 դեպք է արձանագրվել: Միևնույն ժամանակ նշվում է, որ երեք մարդու հաջողվել է ամբողջովին բուժել:  

Բացի այդ, երկրի իշխանությունները չեղարկել են երկրում անցկացվող բազմադարյա հեծանվարշավի վերջին երկու փուլերը՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:  

Հիշեցնենք, որ COVID-19 անվանումն ստացած կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել են դեկտեմբերի 31-ին: Չինաստանում վարակակիրների թիվը հասել է 79 200-ի, հիվանդությունից մահացել է 2835 մարդ, բուժվել՝ 39 000-ը: Չինաստանից բացի հիվանդության դեպքեր են արձանագրվել 51 երկրում:

CNN-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել Կատարում: