#ԳԱՌուն. նոր food trend հայկական ռեստորաններում
MBG Hospitality ընկերությունն իր «Ոստան» ռեստորանում կազմակերպել էր #ԳԱՌուն հատուկ ճաշացանկով համտեսում բացառապես լրագրողների համար: Սեղանին գունեղ ուտեստներ էին, որտեղ գերակշռում էր գառան միսը: Դժվար է պատկերացնել, որ երբևէ գառան մսով ուտեստը լուսանկարելու ցանկություն կլինի, այնուամենայնիվ, ուտեստի էսթետիկ տեսքը հավաքույթի հյուրերին կարծես հուշում էր՝ առանց լուսանկարելու փորձել չի կարելի։
Գարնան գալուստն արդեն երկրորդ տարին է՝ ասոցացվում է գառան միս ուտելու հետ: Նոր գաղափարի հեղինակը MBG Hospitality-ն է՝ #ԳԱՌուն նախագծով: 2019 թվականին ընկերությունը խոստացավ ՝ #ԳԱՌունը շարունակական է լինելու, և ահա ս.թ. մարտի 15-ից MBG Hospitality-ի՝ Hans&Franz, Alaska by Hans&Franz և հայկական խոհանոց առաջարկող «Չինար», «Ծիրանի այգի», «Ծիրանի Տուն», «Ոստան» ռեստորաններում կարելի է տեսնել գառան մսով պատրաստված ուտեստներով հագեցած սեզոնային ճաշացանկ:
MBG Hospitality PR մենեջեր Աննա Սալոմեն նշեց՝ գաղափարին այս տարի միացել են շուրջ 20 ռեստորան՝ (El Garden, Secret Garden by el, El SKY BAR, Babylon, Salon, The Club, In Vino EVN, Tapastan, Dragon Garden, ԿՈՒԺ / KUJ, VinoGrad, Florence Garden, Havana, Kilikia Beer House, Claude Monet Yerevan, Charles):
«#ԳԱՌուն-ի ընթացքում, հաշվի առնելով յուրաքանչյուր ռեստորանի առանձնահատկություն և կոնցեպտ, շեֆ խոհարարները ստեղծել են յուրահատուկ կերակրատեսակներ գառան մսից, նաև նոր շունչ հաղորդի հայկական ավանդական բաղադրատոմսերին: Բացի գառան մսից պատրաստված ավանդական խաշլաման, քյաբաբը, տոլման, կա այլընտրանք` սկսած սթեյքից մինչև գառ՝ պտուտակի վրա»,- ասաց Աննա Սալոմեն:
Գառան միսը գարնանն ավելի համեղ է, քան տարվա մյուս բոլոր եղանակներին: Տարվա ընթացքում հենց այս 3 ամսվա ընթացքում մսի համը լավագույնն է, քանի որ կաթնակեր գառը սկսում է կանաչ խոտ ուտել: #ԳԱՌուն-ը նախորդ տարի հաջողեց՝ ունենալով մեծ արձագանք: Համացանցում ավելացան նոր լուսանկարներ՝ #ԳԱՌուն, #Գարունագառկեր, #Գառըգարնանըկեր հեշթեգերով:
#ԳԱՌուն-ը նախագիծ է, որի նպատակն է գառան մսով ուտեստները դարձնել թրենդային, ընդգծելը հայկական խոհանոցում գառան մսի դերը: Այն դարձավ նոր ֆուդ-թրենդ հայկական ռեստորանային ոլորտում, որ գալիս է հաջորդելու ավանդական «խաշի սեզոն»-ին:
Թրենդը սիրեցին նաև արտասահմանից Հայաստան ժամանած հյուրերը: Նախագիծն այս տարի անցկացվում է Ռեստորատորների հայկական միության հետ, ինչի շնորհիվ #ԳԱՌուն-ի մասշտաբները ընդլայնվել են: Նախագծին մասնակցելու համար այս տարի Հայաստան կգան մոտ 5-10 ֆուդբլոգեր: Սա զբոսաշրջիկների համար հետաքրքիր նորություն է: Այն զբոսաշրջիկների համար, ովքեր արաբական երկրներից են, գառան միսը ճիշտ այլընտրանք է»,- ասաց Աննա Սալոմեն:
«Ոստան» ռեստորանում #ԳԱՌուն-ի մեկնարկին նվիրված հավաքույթին հյուրերը հնարավորություն ունեցան ճաշակելու 6 տարբեր կերակրատեսակ, որը մատուցվեց Իջևանի գինու, կոնյակի գործարանի «Մխիթար Գոշ» ապրանքանիշի կարմիր գինով:
#ԳԱՌուն-ը կոտրեց նաև այն կարծրատիպը, որ գառան մսից տհաճ հոտ է գալիս. դա լինում է բացառապես այն դեպքում, երբ կենդանին ծեր է:
#ԳԱՌուն մենյուի՝ գառան մսով հատուկ կերակրատեսակները ոչ թե «կարելի է փորձել», որովհետև գառան միսն օգտակար է, հավելումներ չի պարունակում, խոլեստերինի հետ խնդիր չի առաջացնում, և այլն, և այլն... այլ պետք է փորձել, քանի որ դրանք պարզապես շատ համեղ են:

























Լուսանկարիչ՝ Էլեն Գասպարյան
Լրագրող՝ Լուսինե Զարայելյան










