Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ. Գևորգ Գրիգորյան

12:33 • 29.02.20

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն»–ի աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու կապակցությամբ: Գրառման մեջ ասվում է.

«Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը:

Իմ ունեցած տեղեկատվությամբ, երեկ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը մի քանի հոգու ուղեկցությամբ այցելել է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն», որտեղ աշխատակիցներին (հիմնականում կանանց) սպառնացել է քրեական հետապնդմամբ` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու կապակցությամբ:

Բուժաշխատողների վրա նման ճնշումներ երբեք չեն եղել և նման սպառնալիքներով երբեք չեն խոսել բուժաշխատողների հետ:

Մյուս կողմից «աշխատանքի են լծվել» նախարարության քարոզիչները, մասնավորապես սորոսական «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հետ փոխկապակցված քարոզիչները, ովքեր փորձում են էմոցիոնալ դաշտ տեղափոխել բուժաշխատողների արդարացի պահանջը և պայքարը:

Երեկ տված ասուլիսում ես ընդգծեցի, որ նման մոտեցում է լինելու և կրկին անգամ կոչ եմ անում առողջապահության նախարարությանը զերծ մնալ նման գործելաոճից և քննարկումներ իրականացնել ՄԻԱՅՆ մասնագիտական դաշտում` մի կողմ դնելով սպառնալիքները, էմոցիոնալ գրառումները, շանտաժը և սեփական չհիմնավորված ամբիցիաները»: