Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 593-ի
Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը հայտարարել է, որ մի օրում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 200-ով և հասել է 593-ի, մահացածների թիվն արդեն 43 է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 205 դեպք, նրանցից 9-ը, ցավոք, մահացել են»,-հայտարարել է Ջահանփուրը:
Նա հավելել է, որ ամենաքիչը 123 մարդ առողջացել է:
Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում:
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 79 251-ը, որոնցից 2 835-ը՝ մահվան ելքով:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում:










