Թեհրանում ԱՄՆ պատժամիջոցներն անվանել են Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառներից մեկը

20:57 • 29.02.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող պատժամիջոցային քաղաքականությունն Իրանում կորանավիրուսի ակտիվ տարածման պատճառներից մեկն է: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խորհրդական Հեսամոդին Աշնան:

«Դոնալդ Թրամփի տնտեսական պատժամիջոցները՝ Եվրոպայի աջակցությամբ, զրկել են Իրանի առողջապահության համակարգը կորոնավիրուսին ժամանակին արձագանքելու հնարավորությունից: Թրամփի քաղաքականությունը մասնակիորեն պատճառ է հանդիսանում վիրուսի տարածման և այս ընթացքում արձանագրված մահերի համար»,- ասվում է Աշնայի թվիթերյան հաղորդագրության մեջ:

Իրանի առողջահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել էր երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին: Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է 43 մարդ, վարակակիր է 593-ը:

Փետրվարի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանին օգնություն է առաջարկել վիրուսի տարածման դեմ պայքարի հարցում: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին նրա առաջարկը ծիծաղելի է անվանել: