Իրանական պետահամարանիշով մեքենայի վարորդը չի հոսպիտալացվել. ԱՆ պարզաբանումը՝ բեռնատարի իրանցի վարորդի վերաբերյալ տեսանյութի առնչությամբ
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ Shamshyan.com-ի հրապարակած տեսանյութին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ երեկ՝ փետրվարի 28-ին, ընթերցողներից մեկը տեսանյութ է ուղարկել խմբագրություն և ըստ նրա՝ տեսանյութում երևում է, թե ինչպես են Երևանում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին, որից հետո նրան դիմակ են դնում և, հավանաբար, տեղափոխում հիվանդանոց:
Նիկողոսյանը գրել է, որ իրականում մեքենան պատկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերհասկման և կանխարգելման ազգային կենտրոնին և վերջինիս մասնագետներն են իրականացնում աշխատանքները։
«Արդեն իսկ հայտարարվել է, որ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականացվում է վերահսկման գործընթաց, ապահովվում է մեկուսացում, առողջական վիճակի զննում և եթե հայտնաբերվեն ախտանշաններ, նաև կիրականացվի հոսպիտալացում և թեստավորում։ Տվյալ դեպքով հոսպիտալացում չի իրականացվել։
Եվս մեկ անգամ կոչ եմ անում չտարածել խուճապ հանրության շրջանում և նման «նյութեր» հրապարակելուց առաջ կապ հաստատել լիազոր մարմնի հետ»,- գրել է ԱՆ մամուլի խոսնակը։










