Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը գիշերօթիկ ու մանկատուն է փակում, հարյուրավոր մարդկանց դարձնում անգործ, կարիքավոր երեխաներին թողնում բախտի քմահաճույքին, իսկ ինքը պարգևատրվում. Գևորգ Պետրոսյան

17:07 • 29.02.20

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ստացած պարգևավճարներին:

Նա մասնավորապես նշել է, որ չի հաշվում ուրիշի հասույթթն ու եկամուտը, սակայն հարց է առաջանում, թե զբաղեցրած պաշտոնում արձանագրած ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է նախարարը մի քանի ամսվա ընթացքում շուրջ 18.000 դոլարի պարգևատրում ստացել:

«Գիշերօթիկ ու մանկատուն է փակում, հարյուրավոր մարդկանց դարձնում անգործ, կարիքավոր երեխաներին թողնում բախտի քմահաճույքին, իսկ ինքը պարգևատրվում»,- գրել է Պետրոսյանը և հռետորական հարց հղել՝ ինչի՞ համար՝ ոչ ստանդարտ թեմաներով հարցազրույց տալու՞, թե՞ ենթակա հիմնարկները քանդելու և մարդկանց մի կտոր հացից զրկելու:

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 ՀՀ դրամ՝ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար: