Թուրքիան Իդլիբում տիրող իրավիճակի հարցով ՆԱՏՕ-ից օգնություն չի խնդրել. ԱՄՆ Պետդեպ

01:06 • 29.02.20

Թուրքիայի իշխանությունները Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք և սիրիացի զինծառայողների միջև բախումներով պայմանավորված ՆԱՏՕ-ից դաշինքի կանոնագրքի 5-րդ հոդվածի հիմքով օգնություն չեն խնդրել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում տալով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչի:

Վերջինս լրագրողներին հայտնել է, որ «Թուրքիան ՆԱՏՕ-ից չի խնդրել կիրառել 5-րդ հոդվածը»: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հաղորդել է, որ ԱՄՆ-ն Իդլիբ զինծառայողներ ուղարկելու մասին որոշում դեռ չի կայացրել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Անկարայի վճռականությունը՝ սիրիական բանակին Իդլիբի դեէսկալացիայի գոտուց դուրս մղելու հարցում: 

Նշվում է, որ երկու առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետում լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ Իդլիբի տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար։