Կորոնավիրուսով պայմանավորված՝ այս պահին Իտալիայից Հայաստան չվերթները չեղարկելու և դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակելու անհրաժեշտություն չեմ տեսնում. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

14:02 • 01.03.20

Այս պահին Իտալիայից Հայաստան չվերթները չեղարկելու անհրաժեշտություն չենք տեսնում: Նաև չեմ համարում հանրային առողջապահական վտանգը բարձր, որ անհրաժեշտություն լինի դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակելու: Հայաստանում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի վերաբերյալ ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ես ունեմ Իտալիայի դեպքերի աշխարհագրությունը։ Եթե նույնիսկ այնտեղ մեծ քաղաքներում դեպքերը շատ են, շատ փոքր տարածքում են լոկալիզացված, և այս պահին չվերթ չեղարկելու կարիք մենք չենք տեսնում։ Որոշումների կայացման պրոցեսը ամենօրյա է։ Հնարավոր է՝ վաղը կայացվի մեկ այլ որոշում ոչ միայն Իտալիայի, այլև որևէ այլ երկրի վերաբերյալ»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է դպրոցներում, մանկապարտեզներում արտահերթ արձակուրդ հայտարարելու հարցին, Արսեն Թորոսյանը նշեց. «Մեզ համար կարևորը հանրային առողջությունն է ամեն դեպքում: Ավելի կարևոր բան, քան մեր քաղաքացիների առողջությունն է, չկա, ամեն ինչ բխելու է դրանից, բայց որոշումները պետք է լինեն փաստարկված, ապացուցված և ոչ թե պարզապես պահանջված»: