Ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում ամրագրումները չեղարկվում են, ոմանք լքում են Ծաղկաձորը. վստահեցնում եմ՝ այդպիսի գործողության անհրաժեշտություն չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, ոմանք լքում են Ծաղկաձորը: Ուզում եմ վստահեցնել, որ այդպիսի գործողության անհրաժեշտություն չկա: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի շուրջ ստեղծված խնդրին:
«Այն, որ մեր հայրենակիցները մեկուսացվել են Ծաղկաձորում, դրանից իրավիճակի մեջ որևէ բան չի փոխվում: Այսինքն՝ նկատի ունեմ այդ գործողության արդյունքում Ծաղկաձորում համաճարակային իրավիճակը ավելի վատը չի դարձել: Նրանք այլ կոնտակտներ այս շրջանում ունենալ չեն կարող»,- հայտնեց վարչապետը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Բացի նշված քաղաքացուց մեկուսացվել են ևս 31 քաղաքացի՝ ուղևորին օդանավակայանից տեղափոխած քաղաքացին, շտապօգնության անձնակազմը, որը պացիենտին տանից տեղափոխել է հիվանդանոց և այլք: Մեկուսացված 32 անձինք Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում են:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեպքի հաստատման հետ կապված խուճապային տրամադրություններ ունենալու անհրաժեշտություն չկա: Նա նաև մանրամասներ ներկայացրեց կորոնավիրուսով վարակված և մյուս 31 մեկուսացված քաղաքացիների մասին:
«Քաղաքացին, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, շարունակում է ջերմություն չունենալ: Նրա նկատմամբ բուժման գործողություն չի արվում, որովհետև անհրաժեշտությունը չկա, ջերմություն չունի, բողոք չունի: Մեկուսացված 32 քաղաքացիների շրջանում նույնպես որևէ մեկը ջերմություն չունի, ախտանշան չունի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ համագործակցային պահվածք ցուցաբերելու համար, որևէ կերպ խնդիր չեն առաջացրել»,- ասաց վարչապետը:
Ավելի ուշ վարչապետը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ այսօր ընտանիքով պատրաստվում է երեկոն անցկացնել Ծաղկաձորում և գիշերել տեղի հյուրանողներից մեկում:
Մանրամասները՝ տեսանյութում:










