Անթույլատրելի էր համաճարակային գոտի Իրանից Հայաստան եկած քաղաքացիներին թույլ տալ ազատ շրջել. հնարավոր է՝ լինի գրիպի սիմպտոմներով մեկը, որն իրականում վարակված է կորոնավիրուսով. համաճարակաբան
Երբ ՀՀ քաղաքացիներին համաճարակային գոտուց բերում են Հայաստան, այդ մարդիկ նաև այստեղ պետք է լուրջ վերահսկողության տակ լինեն, ոչ թե տան մեջ նստեն և հետո իրենց ոտքով գնան հիվանդանոց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Հովակիմ Զաքարյանը՝ անդրադառնալով Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքին:
«Որևէ նորմալ երկիր, երբ իր քաղաքացիների տեղահանում է իրականացնում համաճարակային գոտուց, ինչպես օրինակ Իրանից 2 չվերթով բերեցին Երևան, անթույլատրելի էր, որ այդ քաղաքացիներին օդանավակայանում ժամանման հատվածով ազատ թողեցին շրջեն, հետո էլ ազատ գնացին իրենց բնակարաններ: Կյանքը ցույց տվեց, որ ընդամենը 2 օրվա մեջ հենց այդ մարդկանցից մեկը ինքը փաստորեն վարակված էր: Շատ հնարավոր է, որ ՀՀ-ում լինի որևէ մեկը, որը ունի գրիպի սիմպտոմներ, բայց իրականում վարակված է նույն կորոնավիրուսով, տեսականորեն դա հնարավոր է: Ոչ մեկ դա չի կարող բացառել»,- նշեց համաճարակաբանը:
Առողջապահության նախարարությունը մինչ կորոնավիրուսի դեպքի հաստատումը, հայտարարում էր, որ Իրանից ժամանող ՀՀ քաղաքացիները բժիշկների ուղեկցությամբ են, սակայն, Հովակիմ Զաքարյանի խոսքով՝ հսկողության պատշաճ ձևով չի իրականացվել:
«Զավեշտը նրանում է, որ ասում են՝ բժիշկների ամենօրյա վերահսկողության տակ են այն մարդիկ, որոնք Իրանից են եկել, բայց հետո պարզվում է, որ այդ մարդն ինքն իր ոտքով ծանոթի մեքենայով գնացել է տուն, հետո հիվանդանոց: Բա, եթե բժիշկների ամենօրյա վերահսկողության տակ են եղել, ինչո՞ւ հատուկ բժշկական մեքենայով մարդուն չեն տեղափոխել հիվանդանոց, որպեսզի հնարավոր շփումն այլ մարդկանց հետ բացառվի: Ինչպես է լինում, որ բժշկական վերահսկողության տակ գտնվող քաղաքացին ինքն իր ոտքով գնում է տուն»,- նկատեց նա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին պատասխանելով հարցին, թե ինչու օդանավով Իրանից ժամանած քաղաքացիներին կարանտին չի հայտարարվել, ասել էր. «Ապացուցված չէ, որ կարանտինը աշխատող գործիք է և որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից դա խորհուրդ չի տրվում»:
Նախարարը նաև հայտարարել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ այս պահին Իտալիայից Հայաստան չվերթները չեղարկելու և դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակելու անհրաժեշտություն չի տեսնում:
Հովակիմ Զաքարյանը անդրադառնալով Արսեն Թորոսյանի հայտարարություններին ասաց. «Երբ ասում են՝ անհրաժեշտություն չկա, ես չգիտեմ դրանք ինչերի վրա են հիմնված: Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի մեկնաբանում, որ կարանտին պետք չէ, ես կասկածում եմ, որ նման բան ասած լինի: Հակառակը, ԱՀԿ մեկնաբանությունների մեջ ասվում է, որ պետք է բոլոր միջոցառումներն անել՝ մինիմալացնելու համար հնարավոր շփումներն այն մարդկանց հետ, որոնք միգուցե վարակակիր են: Հիմա իրենք ինչպես են մեկնաբանում, ես չգիտեմ, ընդամենը կարող եմ ասել, որ նման ձևով մարդկանց չեն տարհանում, նման ձևով չեն մեկուսացնում»:
Նախօրեին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հիվանդը Հայաստանի 29 ամյա քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին՝ Թեհրանից: Բացի նշված քաղաքացուց մեկուսացվել են ևս 31 քաղաքացի՝ ուղևորին օդանավակայանից տեղափոխած քաղաքացին, շտապօգնության անձնակազմը, որը պացիենտին տանից տեղափոխել է հիվանդանոց և այլք: Մեկուսացված 32 անձինք Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում են:
«Ինչն էր խանգարում ի սկզբանե այդ մարդկանց, որ տարհանել էին Իրանից, այդտեղ տեղակայեին: Մի քանի օր հսկողության տակ լինեին, որևէ շփում այլ քաղաքացիների հետ, բացի բժիշկներից չլիներ, բոլորը թեստավորվեին մի քանի օր հետո: Այդ մի քանի օրը կարանտինի մեջ պահելուց հետո ով վարակված չէր, արդեն ազատ թողնեին իրեն: Հիմա այդ 32 հոգուն մեկուսացնելը նորմալ քայլ է, բայց ինչն էր խանգարում անել դա օդանավով բերած մարդկանց: Ընդամենը կազմակերպչական հարց է»,- նշեց համաճարակաբանը:










