Սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղում թուրքական անօդաչուների հարձակումները Համայի ավիաբազայում. ԶԼՄ-ներ
Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կրակ են բացել թուրքական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ, որոնք փորձում են հարձակման ենթարկել Համա քաղաքի ավիաբազան:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արաբական հեռուստաալիքին, սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղում Համայի երկնքում հայտնված թշնամական անօդաչուների հարձակումները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական անօդաչուները հարձակում են իրականացրել Հալեպ քաղաքից արևելք ընկած Նեյրաբի ավիաբազայի դեմ: Թուրքական անօդաչուները մասնակցում են նաև Իդլիբ նահանգի Սարաքիբ քաղաքի շրջանում ընթացող ռազմական գործողություններին:
Սիրիայի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ կիրակի սիրիական ՀՕՊ համակարգերը Թուրքիայի զինուժին պատկանող վեց հարվածային անօդաչու են ոչնչացրել, որոնք հարածներ էին իրականացնում կառավարական զորքերի ուղղությամբ՝ աջակցելով անօրինական զորամիավորումներին:
Բացի այդ, հաղորդվում էր, որ թուրքական ուժերը սիրիական բանակին պատկանող երկու Սու-24 կործանիչ են խոցել Իդլիբում:










