Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 1000-ի
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում 593-ից հասել է 978-ի, հիվանդությունից մահացածներինը՝ 54-ի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
«Նոր դեպքերը 385-ն են, ընդհանուր թիվը կեսօրին կազմել է 978 մարդ: Ցանկանում եմ նշել, որ 385 նոր դեպքերից 11-ը մահվան ելքով են ավարտվել: Այդպիսով, մահացածների թիվը հասել է 54-ի»,- ասել է իրանցի պաշտոնյան` իրանական հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս:
Նրա խոսքով՝ վարակման նոր դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Թեհրան (170), Գիլյան (28), Մարքազի (44), Էլբուրս (31) նահանգներում:
Վերջինս հավելել է, որ 175 մարդ ապաքինվել է: Նախօրեին հաղորդվում էր մահվան 43 դեպքի մասին:
Բացի այդ, իրանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պատրաստակամություն է հայտնել միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին:
Կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ են պահել դեկտեմբերի 31-ին: Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում վարակակիրների թիվը մոտեցել է 87 000-ի:










