ՄԱԿ-ը 15 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին

23:53 • 01.03.20

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից 15 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին:

«Այսօր ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով բաժնի ղեկավար Մարկ Լոուկոկը 15 մլն դոլար է հատկացրել՝ COVID-19 վիրուսի կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերի ֆինանսավորմանն օգնելու համար»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: 

Այս քայլը հաջորդել է ԱՀԿ-ի որոշմանը՝ բարձրացնելու կորոնավիրուսի բռնկման համաշխարհային սպառնալիքը «շատ բարձր» աստիճանի, որն ամենաբարձր մակարդակն է:

Նշվում է, որ ՄԱԿ-ի միջոցները փոխանցվել են ԱՀԿ-ին և ՅՈւՆԻՍԵՖ-ին:

Չինաստանի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման մասին ԱՀԿ-ին տեղյակ են պահել դեկտեմբերի 31-ին: Չինաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 78 000-ը, մահացել է 2870 մարդ, բուժվել են 41 600-ը: Վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 50 երկրում: