«Վարչապետն ասում էր՝ դիվանին պառկած մարդուն ինչպե՞ս օգնենք. այդ մարդը դիվանից իջել, քայլ է արել, պահե՛ք, որ չկոտրվի, նորից գնա ու դիվանին պառկի»․ Սերգեյ Բագրատյան

12:19 • 02.03.20

Բիզնեսում պետք է հեղափոխությունը առաջ տանենք, ոգևորենք, ասենք՝ տեսեք՝ այս մարդն այստեղ հասավ, սակայն հեղափոխական իշխանությունը այդ քայլերը դեռ չի անում։  Այս մասին այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ խոսելով մարդու իրավունքների պաշտպանության սոցիալական ապահովության ոլորտի  հիմնախնդիրների մասին։  

Ըստ նրա՝  ներկայումս միկրոբիզնեսով զբաղվողները սոցիալապես անապահով վիճակից  փրկվելու քայլ են անում։ «Նրանք, օրինակ, օգտվում են պետությունից տրված հնարավորությունից և փոքր բիզնես են փորձում ստեղծել։ Պետք է յուրաքանչյուրին պաշտպանեք, օգնենք, որ բիզնեսը չկորցնեն։ Այս սոցիալապես անապահով 16 խումբը, որոնք օգնություն են ստացել, նախորդ իշխանությունն է արել»,- նշել է Բագրատյանը և հավելել, որ հեղափոխական իշխանությունը պետք է հեղափոխական մոտեցում ունենար։

«Պետք է օգնենք, որ նորից չիջնեն ներքև։ Մարդը փորձ է արել, դիվանին չի պառկել, վարչապետն ասում էր՝ դիվանին պառկած մարդուն ինչպես օգնենք, բայց դիվանից իջել է, քայլ է արել, պահեք, որ չկոտրվի, նորից գնա ու դիվանին պառկի»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց Բագրատյանին, թե վերջինի նշած օգնության կարիք ունեցող խումբը դեռ ֆիքսված խնդիրեր չունի։ «Ես հասկանում եմ, թե սպասվող օրենքը ինչ խնդիր է լուծելու, բայց այդ խնդիրները դեռ գոյություն չունեցող խնդիրներ են։ Դրանք չկան և միգուցե չլինեն։ Եվ, առհասարակ, ես չեմ կարծում, որ հանրային պաշտպանի գրասենյակի տրամաբանության մեջ բիզնես բառը տեղավորվում է »,- ասաց նա և հույս հայտնեց, որ այլ գերատեսչություններում կստեղծվեն համապատասխան վարչություններ, որոնք կզբաղվեն բիզնես որոլտի ներկայացուցիչների պաշտպանությամբ։


Լիաննա Թորոսյան