ԱՆ ներկայացուցիչների դիտարկումները զավեշտալի են, մեկը մյուսին հակասող. «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցը՝ կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու քննարկման մասին
Առողջապահության նախարարության ներկայացուցիչների դիտարկումները պարզապես զավեշտալի են, մեկը մյուսին հակասող: Այս մասին ԱԺ-ի առջև ընթացող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «ՀՀ առողջապահության նախարարության ««ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկմանը:
Նա ընդգծեց՝ ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցների պահանջը վերաբերում է ոչ թե աշխատանքը չկորցնելուն, այլ՝ կառավարման համակարգի փլուզմանը:
«Մի կողմից նշվում է, որ միացումը բերելու է նյութատեխնիկական և կադրային բազայի արդյունավետ օգտագործմանը, մյուս կողմից նշում են, թե ինֆեկցիոն հիվանդանոցի համար նախատեսվում է նմանատիպ միջոցներ ձեռք բերել: Այդ դեպքում հարց է առաջանում՝ երբ կառավարության որոշման մեջ նշվում է, որ գործառույթների կրկնօրինակումն են նախատեսում նվազեցնել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նույն ծախսն անելու են: Փաստորեն՝ իրենց արած հիմնավորումը հենց իրենց կողմից հերքվում է»,-ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում աշխատակազմը ներկայացրել է իր մտահագությունները, սակայն ըստ աշխատակցի՝ հանդիպումներ, քննարկումներ տեղի չեն ունեցել: Ըստ նրա՝ թեև նախարարության ներկայացուցիչները նշում են, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցների ակցիայի հիմքում անձնական դրդապատճառներ կան, բայց վերջիններիս համոզմամբ՝ անձնական դրդապատճառներ կան հենց նախարարության որոշման մեջ:
«Ո՞վ է պատասխան տալու համաճարակի անկառավարելիության համար, որը կստանանք այս որոշման արդյունքում: Ո՞վ է պատասխան տալու այն ռիսկերի համար, որ այս որոշման տակ ընկած են»,-նշեց նա:
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի բժիշկ-համաճարակաբանը նշեց նաև՝ երկու կենտրոնները միավորելու հիմքերը թույլ են, չկան: «Եթե անհիմն միավորում են, թող ստեղծեն մի կենտրոն, տնօրենների կարիք էլ չի լինի, կլինի մեկ նախարար, որն ամբողջ գործընթացը կհամակարգի»,-նշեց նա:










