Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում ԲԿ-ներում կսահմանափակվեն տեսակցությունները. ԱՆ խոսնակ
Հայաստանի բժշկական հաստատություններում կսահմանափակվեն տեսակցությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա նշեց, որ սա արվում է Հայաստանում կորոնավիրուսի նոր տեսակի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:
«Առողջապահության նախարարությունից արդեն ուղարկվել են շրջաբերական-գրություններ տարբեր ենթակայությամբ գործող բժշկական կենտրոններին, այդ թվում՝ մասնավոր կառույցներին, որպեսզի սահմանափակվեն տեսակցությունները»,- ասաց Ալինա Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր ենթատեսակի հիվանդացության առաջին դեպքը: Հիվանդն Իրանի մայրաքաղաք Թեհրանից ժամանած ՀՀ քաղաքացի է:










