Կասկածելի երկրներից եկած բոլոր մարդիկ պիտի մեկուսացվեն, անգամ արտաքուստ առողջ մարդիկ, կորոնավիրուսի կանխարգելման միակ ձևը սա է. Միհրան Նազարեթյան (տեսանյութ)

21:15 • 02.03.20

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով առաջնայինը կազմակերպչական ճիշտ աշխատանքն է. առաջին քայլը երկրի բոլոր մուտքերը հսկելն է, երկիր ժամանողները պետք է բաժանվեն երկու մասի՝ գրիպի նախանշաններ ունեցողներ և չունեցողներ, և կասկածելիներն անմիջապես պիտի մեկուսացվեն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ առողջապահության առաջին նախարար, բժշկագիտության դոկտոր Միհրան Նազարեթյանը:

«Իրանից, Իտալիայից, Չինաստանից, այլ կասկածելի երկրներից եկած բոլոր մարդիկ պիտի մեկուսացվեն, անգամ արտաքուստ առողջ մարդիկ: Կարանտինն իրականում ոչ թե 14, այլ 40 օր է: 14 օրը նախկին կորոնավիրուսների կարանտինի ժամկետն է: Եթե եկել են ոչ կասկածելի երկրներից, օրինակ՝ Ռուսաստանից, մեկուսացումն անիմաստ է, պետք է ընդամենը իրազեկման աշխատանքներ տանել»,- ասել է նախկին նախարարը:

Ըստ Նազարեթյանի՝ բժշկական դիմակների, ռեսպիրատորների նշանակությունը չափազանցված է, դրանց կարիքը հաճախ չկա. «Մեր հիվանդանոցներից մեկում, պարզվեց, բոլոր բժիշկները դիմակներով են: Այդ քայլն արդեն խուճապ է առաջացնում, բժշկական տեսանկյունից դա անիմաստ և ծիծաղելի գործողություն է: Պետք է դիմակավորել բացառապես նախանշան ունեցողներին՝ մյուսներին չվարակելու մղումով»:

Նախկին նախարարի կարծիքով՝ հնարավոր են վարակակիրների հայտնաբերման նոր դեպքեր, և կասկածելի անձանց մեկուսացումից բացի՝ պետք է նրանց ճշգրտորեն ախտորոշել, անցկացնել ընդհանուր իմունաբանական և մոլեկուլային թեստեր. «Այս հետազոտությունները պետք է արվեն երկուական անգամ, ու նույնիսկ բացասական պատասխանի դեպքում նրանք պիտի մնան որոշակի հսկողության տակ:

Կորոնավիրուսը կվերանա միայն եղանակի տաքացման հետ: Պետք է իմանալ նաև, որ վարակի փոխանցումը որևէ կերպ հնարավոր չէ արյան փոխներարկմամբ կամ սեռական ճանապարհով»:

Միհրան Նազարեթյանի պնդմամբ՝ վարակի բռնկումների դեմ պայքարի կարևորագույն ուղղությունը մարդկանց տեղեկացվածության բարձրացումն է. «Օրինակ, հիմա ճիշտ ժամանակն է կազմակերպելու սուր ինֆեկցիոն հիվանդությունների վարժանքներ: Երկրաշարժի դեպքում գիտենք ինչպես վարվել, բայց վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցում գրագետ չենք: Կարևոր է նաև բժշկական անձնակազմի ընդհանուր տեղեկացվածությունը բարձրացնելը, եթե անգամ նրանք իրենց նեղ մասնագիտության մեջ արհեստավարժ են»:

Նախկին նախարարի կարծիքով՝ ոչ մի դեպքում խուճապի մատնվելու կարիք չկա, այս պահին կարևորագույն քայլը հիվանդացության տարածման կանխարգելումն է:

«Կորոնավիրուսը բուժում չունի, այն կապված է երկրորդային երևույթների հետ: Միակ լուծումը կարանտինն է, հիվանդների մեկուսացումը: Ուրախ եմ, որ չեղարկվեցին «Մարտի 1»-ի երթը, դասերն ուսումնական հաստատություններում»,- ամփոփել է առողջապահության նախկին նախարարը:


Դավիթ Սարգսյան