Արգենտինան կդառնա հղիության արհեստական ընդհատումն օրինականացրած լատինամերիկյան առաջին խոշոր պետությունը

12:45 • 02.03.20

Արգենտինան պատրաստվում է դառնալ լատինամերիկյան առաջին խոշոր պետությունը, որտեղ հղիության արհեստական ընդհատումը կօրինականացվի, գրում է The Guardian-ը:

Երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտարարել է, որ պատրաստվում է համապատասխան օրինագիծը հաջորդ տասն օրվա ընթացքում կոնգրես ուղարկել:

«Պետությունը պետք է պաշտպանի իր քաղաքացիներին և հատկապես կանանց: 21-րդ դարում հասարակությունը պետք է հարգի իր անդամների՝ սեփական մարմինն ազատ տնօրինելու  անհատական ընտրությունը»,-ասել է նախագահը:

Աղբյուրը նշում է, որ Լատինական Ամերիկան բաղկացած է առավելապես Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու հետևորդ հանդիսացող 21 երկրից, որտեղ հղիության արհեստական ընդահատման թեման շատ զգայուն է: Առայսօր Լատինական Ամերիկայում այս երևույթն օրինակացրել են միայն Կուբան ու Ուրուգվայը: Մյուս երկրներում արհեստական ընդհատումը թույլատրվում է միայն բռնաբարության կամ հղի կնոջ առողջությանը սպառնացող վտանգի դեպքերում:

Մինչդեռ Դոմինիկյան Հանրապետությունում, Էլ Սալվադորում, Հայիթիում, Հոնդուրասում, Նիկարագուայում հղիության արհեստական ընդհատման արգելքը գործում է առանց որևէ բացառությունների: