Իրանում կորոնավիրուսի պատճառով մահացել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդականը. լրատվամիջոցներ

13:54 • 02.03.20

Իրանում COVID-2019 կորոնավիրուսից մահացել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական, բարձրաստիճան պաշտոնյա Մոհամմադ Միրմոհամմադին, հայտնում է Daily Mail պարբերականը:

Պաշտոնյայի մահվան հստակ պատճառը դեռևս չի նշվում, սակայն նրան մարտի մեկին կորոնավիրուսի ախտանշաններով հոսպիտալացրել էին  Թեհրանի հիվանդանոցներից մեկը:

Միրմոհամադին մահացել է 71 տարեկանում: Կյանքի ընթացքում երկու անգամ ընտրվել է Իրանի խրհրդարանի պատգամավոր:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, համաճարակի էպիկենտրոն Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է: Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք:

Առավել տագնապալի է իրավիճակը Հարավային Կորեայում (3736 վարակակիր, մահվան 18 դեպք), Իրանում (մահվան 43 դեպք) և Իտալիայում (1128 վարակակիր, մահվան 29 դեպք):

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: