Խնդրում եմ հնարավորինս պարզ խոսել, ինչ ասում եք, ինձ մոտ չի կպնում իրար. Լուսինե Բադալյանը՝ առողջապահության նախարարության ներկայացուցչին (տեսանյութ)

15:20 • 02.03.20

Ես ճիշտ հասկացա՞, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերազինելու համար ուղղակի կարճ ճանապարհ եք գտել՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտոնի»-ի սարքավորումներն ու ռեսուրսները տանել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Այսօր ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ նման հարց բարձրացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝՝ դիմելով Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանին:

«Խնդրում եմ հնարավորինս պարզ խոսել, հասկանալի, որովհետև դուք սկզբում խոսեցիք կառավարման կոնցենտրացիայի և ծառայությունների ապակենտրոնացման մասին: Ես դա Ձեզնից եմ լսել այսօր, այդ արտահայտությունն ուրիշ տեղ չեմ լսել, հիմա ասում եք՝ դեցենտրալիզացիայի մասին խոսք լինել չի կարող: Ինձ մոտ չի կպնում իրար, ոչ մեկին չեմ նախատում, եկել եմ այս թեման այստեղ հասկանալու, բայց ինձ մոտ անհամապատասխանություններ են առաջ գալիս», - ասաց Բադալյանը:

Բադալյանը դիտարկեց, որ այդպես էլ չստացավ իր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է միավորումն արվում, եթե փաստացի ոչինչ չի փոխվում՝ բացի հաշվապահության միավորումից և ղեկավարությունից:

Հիշեցնենք, որ  ««ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը նշեց, որ Շահառուների համար որևէ փոփոխություն չի լինելու, ընդամենը կառավարումն ու բյուջեներն են միավորվում և միացումից հետո ոչ մի բժշկական սարքավորում չի տեղափոխվելու։