Emirates ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով աշխատակիցներին խնդրել է արձակուրդ վերցնել

10:39 • 02.03.20

Աշխարհի ամենախոշոր ավիաընկերություններից մեկը՝ Emirates Airlines-ը, կորոնավիրուսի տարածման հետ կապված տնտեսական կորուստների ֆոնին աշխատակիցներին խնդրել է արձակուրդ գնալ, հայտնում է Reuters-ը:

Հայտնի է, որ ընկերության տնօրինությունն այս մասին տեղեկացրել է աշխատակիցներին ուղղված նամակի միջոցով՝ նշելով, որ կորոնավիրուսի բռնկման հետևանքով ընկերությունում գրանցել է բիզնեսի  «շոշափելի դանդաղեցում»: Դրա հետ կապված ընկերության աշխատակիցներին խորհուրդ է տրվել վճարովի և չվճարվող արձակուրդ վերցնել: 

Տեղեկությունների համաձայն` Emirates ավիաընկերությունը բացի Պեկինից չեղարկել է դեպի մայրացամաքային Չինաստանի ուղղությամբ բոլոր չվերթները, ինչպես նաև դադարեցրել դեպի Իրան բոլոր թռիչքները:

Emirates-ը միջազգային ավիաընկերություն է, որն ունի ավելի քան 100 000 աշխատակից և 270 օդանավ:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանից դուրս հիվանդության 1160 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7169-ի: Վարակակիրների թվով առաջին տեղում է Հարավային Կորեան՝ վերջին մեկ օրվա ընթացքում 586 մարդ, երկրորդ տեղում Իտալիան՝ 240 նոր դեպք, երրորդը՝ Իրանը, որտեղ հաստատել են վարակման 205 դեպքի մասին: Վարակը տարածվել է 58 երկրում։ Ընդհանուր առմամբ, ՉԺՀ-ի սահմաններից դուրս կորոնավիրուսի հետևանքով 104 մարդ է մահացել: