Իտալիայում 50%-ով ավելացել են կորոնավիրուսով վարակման դեպքերը. Delta-ն մինչև մայիս չեղարկել է դեպի Միլան չվերթները
Անցած կիրակի Իտալիայում 50%-ով ավելացել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման հաստատված դեպքերի քանակը: Այժմ երկրում կա 1694 ախտահարված, մահացածները 34-ն են:
Ինչպես նշում է cnn.com-ը, Իտալիան Ասիայից դուրս կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջատար երկիրն է:
Ստեղծված իրավիճակում ամերիկյան Delta Air Lines ավիաընկերությունը չեղարկել է դեպի Միլան չվերթները: Ընկերությունը պատրաստվում է վերսկսել դրանք միայն մայիսից: Նշվում է, որ որոշումը չի վերաբերում դեպի Հռոմ թռիչքներին:
Ինչ վերաբերում է Միլանի հանրահայտ «Լա Սկալա» օպերային, ապա այն չի գործի մինչ մարտի ութը:
Երկրի իշխանությունները կարգադրել են մինչև մարտի ութը չեղարկել բոլոր հանրային և մշակութային միջոցառումները, խոշոր հավաքները:
Իտալիայի հյուսիսում, որտեղ վարակի համաճարակի օջախն է, կարանտինի տակ է առնվել տասնմեկ քաղաք. 100,000 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում:
Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանից դուրս հիվանդության 1160 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7169-ի: Վարակակիրների թվով առաջին տեղում է Հարավային Կորեան՝ վերջին մեկ օրվա ընթացքում 586 մարդ, երկրորդ տեղում Իտալիան՝ 240 նոր դեպք, երրորդը՝ Իրանը, որտեղ հաստատվել են վարակման 205 դեպք: Վարակը տարածվել է 58 երկրում։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի հետևանքով 104 մարդ է մահացել:










