Առողջապահության նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ում որևէ վերլուծություն չի իրականացվել. Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)

16:02 • 02.03.20

Մենք մի ամիս առաջ հարցում էինք ուղարկել Առողջապահության նախարարություն «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման հետ կապված, թե արդյոք կատարվե՞լ է արդյունավետության գնահատում, ծախսարդյունավետության գնահատում, միավորման արդյունքում արդյոք կանխատեսե՞լ ենք, թե ինչ արդյունքներ ենք ակնկալում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Պատասխանն ստացել ենք այսօր առավոտյան, այնտեղ նշված է, որ որևէ վերլուծություն չի իրականացվել: Պատճառաբանությունը եղել է այն, որ փաստ է՝ ցանկացած միավորում բերում է արդյունավետության բարձրացման: Այսօրվա քննարկումը կազմակերպելու նպատակն այն էր, որ ստացել ենք և՛ կոլեկտիվի կողմից գրություն, որ իրենք դրա հետ կապված հարցեր ունեն, և՛ կենտրոնի շահառուների կողմից ենք ստացել գրություն՝ իրենց տեսակետը հայտնելու»,-ասաց Զեյնալյանը։

Նա նշեց, որ քննարկման արդյունքները և բոլոր կողմերի տեսակետները կամփոփեն և կկազմեն արձանագրություն, որից հետո տեսակետերը կուղարկեն կառավարություն, որտեղ առաջարկվելու է կամ կառավարության որոշումը չեղարկել, կամ նույնը թողնել:

Զեյնալյանը խոսեց նաև միավորման արդյունքում սարքավորումները տեղափոխելու խնդրի մասին: Նա նշեց, որ սարքավորումները պատկանում են պետությանը. «Այդ սարքավորումներից կարող է օգտվել ցանկացած պացիենտ: Ինձ համար հիմնավորումների մասով մի քիչ տարակուսելի հարցեր կային, որոնք վերաբերում էին կառավարման արդյունավետության բարձրացմանը: Բայց մենք ունենք ակնառու փաստեր. բժշկական բուրգերի ստեղծման փորձը 2000-ականների կեսին: Այն բուրգերում, որտեղ կառուցվածքային միավորումները տարածքային առումով իրարից հեռու են գտնվել, կառավարումը հստակ ձախողվել է, մենք դրա փորձն ունենք Հայաստանում»,- ամփոփեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։