Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում. Առողջապահության նախարարություն

00:41 • 03.03.20

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է կորոնովարիրուսի կանխարգելման նպատակով մետրոպոլիտենի կայարաններում ու գնացքներում իրականացված ախտահանման աշխատանքներին: 

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։

Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։

Ավելին, առաջիկայում նախարարությունը հանդես կգա նման առաջարկությամբ և կներկայացնի այն ուղեցույցը, որի համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ախտահանման աշխատանքները։»,- գրել է խոսնակը:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Երևանի մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները մշակվել են ախտահանիչ հատուկ նյութերով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում պատմել է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը:

Նա նշել է, որ մասնավորապես, ախտահանվել են այն հատվածները, որոնց ուղևորներն անմիջական շփվում են, այդ թվում մուտքի ու ելքի դռները: