Թուրքիայից վերջին օրերին ավելի քան 117 000 փախստական է տեղափոխվել Եվրոպա (լուսանկարներ)
Սիրիայի Իդլիբ նահանգում 34 թուրք զինվորականի մահից հետո Թուրքիան հայտարարել էր, որ բացում է ԵՄ-ի սահմանները փախստականների առջև, ինչից հետո Թուրքիայից Եվրոպա է տեղափոխվել ավելի քան 117 000 ապօրինի փախստական: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Փախստականների համար Եվրոպայի սահմանները բացելու Թուրքիայի իշխանությունների որոշումից հետո տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ սկսել են շարժվել դեպի թուրք-հունական և թուրք-բուլղարական սահմաններ:
Չնայած, որ հույն իրավապահներն որ սահմանապահները քայլեր են ձեռնարկել արգելելու փախստականների մուտքը, նրանցից շատերին հաջողվել է մուտք գործել ԵՄ տարածք:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն տեղեկացրել է, որ Թուրքիայից Եվրոպա է մուտք գործել արդեն 117 677 փախստական:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թուրքիայից հարյուրավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: Հաղորդվում էր, որ փախստականների մեծ խմբեր են նկատվել Ստամբուլում, Էդիրնեում, Իզմիրում և Այդընում:












