ԱՄՆ-ում դեմոկրատ սենատորը պահանջել է, որ Թուրքիայի կողմից С-400-ների գնումը չհամարվի ՆԱՏՕ-ի շրջանակում այդ երկրի պաշտպանական ծախսերի կատարում

05:48 • 03.03.20

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյից պահանջել է հասնել նրան, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից չհամարվի որպես դաշինքի շրջանակում պաշտպանությանն ուղղված ծախսերը մեծացնելու Անկարայի պարտավորությունների կատարում: Սենատորի նամակը երկուշաբթի հրապարակել է կոմիտեի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС-ը:

Մենենդեսի խոսքով՝ եթե այդ 2.5 միլիարդ դոլարի չափով գործարքը հաշվի առնվի, Թուրքիան պաշտպանական ծախսերի հարցում գործնականում կմոտենա ՀՆԱ-ի 2 տոկոսի շեմին, ինչն ավելի վաղ իր գործընկերներից պահանջում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 

«Դա կլինի չափազանց հեգնական և սարսափելի խնդրահարույց, եթե Թուրքիայի С-400- ի գնումը թույլ տա, որ նա վերջապես կատարի ՆԱՏՕ-ում իր ծախսերը կատարելու պարտավորությունները», - ենթադրել է ամերիկացի սենատորը:

«Խնդրում եմ տրամադրել Պետդեպարտամենտի գնահատականն այն մասին, թե արդյո՞ք այս գնումը հաշվի կառնվի պաշտպանության ծախսերի ընդհանուր թվում: Եթե Պետդեպարտամենտը չի կիսում այս տեսակետը, ապա ես կցանկանայի ձեզանից պահանջել անհապաղ կապ հաստատել ՆԱՏՕ-ի ղեկավարության և անդամ պետությունների հետ համոզվելու համար, որ այդ գնումը չի համարվի պարտավորությունների կատարում», - գրել է նա:

«Երկրները, որոնց ծախսերը հակասում են ՆԱՏՕ-ի ոգուն և ֆիզիկական զգալի ռիսկ են ստեղծում անդամ պետությունների համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն, և իհարկե, չպարգևատրվեն»,- գրել է դեմոկրատը: