Աղյուսակը, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես համաճարակներին առավել պատրաստ երկրների ցանկում, առաջին հերթին ադրբեջանցի սպառողի համար է․ Արթուր Մարտիրոսյան
Կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով ՀՀ հակահամաճարակաբանական վիճակի մասին «երկրորդ մանիպուլյացիան», որի համար, ըստ նրա, թեև «պրոֆեսիոնալներ են աշխատել, բայց ոչ ամենաբարձր հարկի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել էր մեկ այլ «մանիպուլյացիա»՝ նշելով, ՀՀ-ում հակահամաճարակաբանական վիճակի մասին վարչապետի հրապարակած «միջազգային գնահատականը» 2016-ի տվյալների հիման վրա է արվել, նոր առողջապահության նախարարն ու նոր կառավարությունն այստեղ դեր չունի։
Նա անդրադարձել է համացանցում տարածված աղյուսակին՝ «Ո՞ր երկրներն են ավելի լավ պատրաստ համաճարակներին» վերտառությամբ, համաձայն որի՝ Հայաստանը 26-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
«Միանգամից ասեմ, որ առավել նուրբ մանիպուլյացիաների հիմքում միշտ որոշակի ճշմարտանման տեղեկություն է լինում՝ հաճախ համալրվելով հղմամբ հեղինակավոր սկզբնաղբյուրին: Եվ այսպես, այս աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 26-րդ տեղն աշխարհում համաճարակները զսպելու պատրաստականության հարցում: Շրջանակում արևմտյան կազմողները ներառել են 15 հետխորհրդային երկրների, և Հայաստանը առաջինն է (26), վերջինը՝ Ադրբեջանը (151): Որպեսզի տեղեկության սպառողին պարզ լինի, որտեղ են միջազգային մասշտաբի եզրերը, աջից ներքում նշված են այն երկրները, որոնց համեմատությամբ Հայաստանը բավականին վստահ է երևում: Առաջին տեղում «Մեծ Բրիտանիան է» (այդպիսի անվանումով երկիր չկա, կա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն»), ԱՄՆ-ն երկրորդ տեղում է, իսկ Գերմանիան (28), Ճապոնիան (31) և Չինաստանը (47) մեր հայրենիքից հետ են մնում»,-գրել է նա:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ «Իրական ժամանակ» հեռուստաալիքը հղում է անում շատ լուրջ հետազոտական թիմի՝ Ջոն Հոփքինսի համալսարանի (public health ոլորտի միջազգային առաջնորդներից մեկը) ցուցանիշին (Global Health Security Index) և The Economist Intelligence Unit-ին:
Այս ցուցանիշով, իսկապես Հայաստանը 26-դ տեղում է, սակայն վեց չափանիշներից մեկով միայն՝ համաճարակներին արագ արձագանքելու առումով։
«Ընդհանուր առմամբ, բոլոր վեցով՝ 44-րդ տեղում 195 երկրից, ինչը նույնպես վատ չէ»,-գրել է կոնֆլիկտաբանը՝ ներկայացնելով նաև 6 չափանիշներից յուրաքանչյուրով ՀՀ-ի արձանագրած ցուցանիշը։
Նա հարց է առաջ քաշել՝ որտեղի՞ց են տվյալները և ո՛ր տարիներին են թվագրվում:
«Իրական ժամանակ» հեռուստաալիքի գործադիր պրոդյուսեր Քենան Ալիևը նախկինում գլխավորել է «Ազատություն» ռադիոն Բաքվում, քանի դեռ սուլթանը դուրս չէր շպռտել նրան և ռադիոկայանն Ադրբեջանից: Այդ պատճառով էլ աղյուսակն առաջինհերթին ադրբեջանցի սպառողի համար է, որպեսզի նա ամբողջությամբ զգա սուլթանության նվաստացուցիչ դրությունը Հայաստանի նկատմամբ: Ի դեպ, բոլոր վեց չափանիշներով Ադրբեջանը զբաղեցնում է 117-րդ տեղը: Սակայն դա «Իրական ժամանակի» քարոզիչների միակ նպատակը չէ: Չէ որ սա մեծ հաջողություն է տեղեկատվական պատերազմներում, երբ քո ռեսուրսին սկսում են վստահել որպես արդարացի և հավասարակշռված տեղեկության աղբյուրի»,-գրել է Մարտիրոսյանը:












